ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կառուցապատմանը ներկայացվելու են շատ ավելի խիստ պահանջներ»

«Կառուցապատմանը ներկայացվելու են շատ ավելի խիստ պահանջներ»
03.10.2008 | 00:00

ԿՈՐՑՐԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈ՞ՒՄ ԵՆ
Վերջին մի քանի տարիներին քաղաքաշինության նախարարությունը մի տեսակ բուֆերային ֆունկցիա էր կատարում` այն իմաստով, որ լուծում էր սոսկ նախարարի պորտֆելի (ըստ կուսակցական պատկանելության) խնդիրը։ Մեր այս տեսակետը հիմնված է այն պարզ տրամաբանության վրա, որ վերջին 5-6 տարիների ընթացքում նախարարության գործառույթները շինարարության ոլորտում այնքան նվազեցին, որ գրեթե զրոյի հասան։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը լուծում է սոսկ աղետի գոտում բնակարանների գնման վկայականներ (ԲԳՎ) տրամադրելու խնդիրը։ Սակայն անցած տարվանից այս նախարարության հանդեպ քաղաքականության որոշակի փոփոխություն է նկատվում՝ լիազորությունների մեծացման առումով։ Արդյոք մեր այս նկատառումն անհիմն չէ՞, և գերակա ի՞նչ խնդիրներ է կարևորում քաղաքաշինության նախարարությունը։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-Երբ խոսում ենք քաղաքաշինության գերակա խնդիրների մասին, պետք է հաշվի առնենք, որ դրանք ժամանակի ընթացքում ենթակա են նորացման, թարմացման ու վերանայման: Միևնույն ժամանակ գերակայությունն ինքը ենթակա է մոտեցումների ու հայեցակարգի նորացման:
Կարևորագույն սկզբունքը որակի ապահովումն է: Նոր կառույցները պետք է համապատասխանեն որակի համաշխարհային չափանիշներին, իսկ եթե հաշվի առնենք, որ մենք գտնվում ենք բարձր սեյսմավտանգ գոտում, ապա մեր չափանիշները թերևս ավելի խիստ պետք է լինեն: Կառավարությունն արդեն որոշում է կայացրել «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի 20% բաժնեմասը հետ գնելու վերաբերյալ (ի դեպ, հենց բաժնետերերի խնդրանքով), և շուտով մենք կունենանք պետական մարմին, որը կարող է ապահովել բարձրորակ փորձաքննության անցկացում: Մենք ծրագրում ենք նաև տեխնիկապես վերազինել այդ կարևոր կառույցը, տեխնոլոգիապես այն հասցնել միջազգային չափանիշներին:
Քաղաքաշինությունը պետք է մարդու համար ստեղծի բարենպաստ, անվտանգ և գեղեցիկ միջավայր, պետք է ապահովի շինությունների և կանաչ գոտիների համապատասխանությունը: Ես կուզեի հիշեցնել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, ըստ որի` մեր երկրում ապրելը պետք է հարմար լինի, ինչը այսօր, ցավոք, շատ առումներով դեռևս այդպես չէ: Մեր նախարարությունն իր իրավասության շրջանակում խստորեն իրագործում է այդ սկզբունքները: Այդ ուղղությամբ արվում են կարևոր քայլեր, որոնցից երկուսին կուզեի անդրադառնալ: Մասնավորապես, քաղաքաշինության հատուկ կարգավորման տարածքների ստեղծում: Սա շատ կարևոր է ճարտարապետամշակութային ժառանգության պահպանության, մեր բազմաթիվ ինքնատիպ քաղաքների` Գյումրիի, Դիլիջանի, Գորիսի, Էջմիածնի, Ջերմուկի պատմական դեմքը պահպանելու համար: Այսուհետև այդ տարածքներում կառուցապատմանը ներկայացվելու են շատ ավելի խիստ պահանջներ, խստացվելու է նաև պատասխանատվությունը:
Կարևոր է նաև մեր նախարարության կազմում Հայաստանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ստեղծումը, որը նույնպես կոչված է կարգավորելու շատ կարևոր խնդիրներ:
Այս պահին քաղաքաշինության նախարարության կարևոր գերակա խնդիրներից մեկը երկրաշարժի պատճառով անօթևան մնացած մարդկանց բնակարանային պայմանները բարելավելն է: Հունիսի 12-ին Գյումրիում կայացած կառավարության արտագնա առաջին նիստն իսկապես աննախադեպ էր թե՛ նոր լուծումների, թե՛ իրականացվելիք աշխատանքի ծավալների առումով: Մինչ այդ, 1988 թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը, որում ընդգրկված էի նաև ես, կատարել էր մեծ ծավալի աշխատանք: Վերջնականապես հստակեցվել է կարիքավոր ընտանիքների թիվը` 6985, որից մոտ 4000-ը՝ միայն Գյումրիում: Անհրաժեշտ ծախսերի ծավալը կկազմի 81,1 մլրդ դրամ, և արդեն 2013 թվականին, ես կարող եմ վստահորեն ասել, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բոլոր կարիքավորների խնդիրը լուծված կլինի:
Գյումրիում կառավարության նիստի նոր մոտեցումներից կարևորագույնը, իմ կարծիքով, այն է, որ որոշում կայացվեց ԲԳՎ ծրագրին զուգընթաց սկսել նաև բնակարանային շինարարություն: Խնդիրն այն է, որ վերջին մի քանի տարիներին հաջողությամբ գործող ԲԳՎ ծրագրի արդյունավետությունն այս տարի ընդհուպ մոտեցել է իր բարձրակետին, քանի որ Գյումրիում արդեն բավական քիչ են մնացել վաճառքի ենթակա բնակարաններ, և այդ ծրագիրն այլևս ի զորու չէ բավարարելու առկա պահանջարկը: Բարդություններ կան նաև գյուղական տների հետ կապված, ուստի կառավարության որոշումը` կառուցել բազմաբնակարան շենքեր ու բնակելի տներ գյուղական համայնքներում, ես համարում եմ շատ կարևոր և այս պահին համահունչ:
Միայն Գյումրիում մինչև 2013 թվականը կկառուցվի մոտ 3000 բնակարան, որոշ անավարտ շինություններ կվերակառուցվեն իբրև բնակելիներ, և, անշուշտ, կշարունակվի «Բնակարանի գնման ծրագիրը»:
Նույն սկզբունքով աշխատանքներ կիրականացվեն աղետից տուժած մյուս մարզերում:
Կուզեի ընդգծել ևս մի կարևոր հանգամանք. այս տարվանից ԲԳՎ-ն կարող է ծառայել նաև հիմք` հիպոթեքային վարկ ստանալու համար: Դա, կարծում եմ, կարող է զգալի ազդեցություն ունենալ բնակարանային շուկայի կառուցվածքի վրա` պահանջարկն առավել հավասարաչափ բաշխելու առումով:
ՈՒրախությամբ տեղեկացնեմ նաև, որ Շիրակի և Լոռու մարզերի շինարարական մրցույթների փաթեթներն արդեն պատրաստ են, մրցույթները կայացել են, և ամենաուշը հոկտեմբերի կեսին շինարարական աշխատանքները կմեկնարկեն:
Քաղաքաշինական հաջորդ գերակայությունը կրթական, մշակութային, առողջապահական և մարզական օբյեկտների հիմնանորոգումն ու կառուցումն է: Չէի ուզենա խոսքս ծանրաբեռնել թվերով, միայն նշեմ, որ տարեցտարի այդ ոլորտներին բյուջետային հատկացումներն աճում են միջինը 30%-ով: Այս տարի կհիմնանորոգվի և կկառուցվի 192 դպրոց, 8 մարզական, 11 առողջապահական և 37 մշակութային օբյեկտ: Դրանց գերակշիռ մասի շինարարությունն արդեն ավարտվել է:
-Ինչ խոսք, «աղետի հետևանքներ» հասկացությունը վաղուց պետք է վերացած լիներ մեզանում։ Սակայն դրա հետ մեկտեղ նախարարության գործառույթների մեջ ավելի կարևոր է շինարարության ոլորտի ընդհանուր վերահսկողությունը, ինչը մի տեսակ նվազեցված է։
-Այս տարի մենք ներմուծել ենք նոր գերակա խնդիր` քաղաքաշինական գործունեության վերահսկողության, հսկողության և լիցենզավորման համակարգերի հստակեցման ու կատարելագործման, գործող քաղաքաշինական նորմերը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու ծրագրերի մշակումը:
Դրա նպատակն է հնարավորինս կարգավորել քաղաքաշինական գործունեության ընթացքում վերահսկողության և հսկողության իրականացումը, որը հնարավորություն կտա, չխոչընդոտելով շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի աշխատանքին, իրականացնել վերահսկողություն (հսկողություն) ու բացառել ստուգումների վերադրումը, այսինքն` վերացնել նմանատիպ ստուգումների` գոյություն ունեցող պրակտիկան:
Ինչ վերաբերում է շինարարության որակի տեխնիկական հսկողության նկատմամբ չափորոշիչների բարձրացմանը՝ կապված վերջինիս լիցենզավորման հետ, ապա այն բխում է քաղաքաշինական տեսչության վերջին տարիներին կատարած ուսումնասիրությունների արդյունքներից, համաձայն որոնց՝ Հայաստանի Հանրապետությունում 2004-2007 թթ. 4801 օբյեկտում կատարված ստուգումներից պարզվել է, որ առանց շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման շինարարական աշխատանքներ են կատարվել 1658-ում: Իսկ մնացած օբյեկտներում շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, մոտավորապես 54%-ը, իրականացրել են ոչ շինարարի մասնագիտություն ունեցող անձինք:
Նշված ծրագիրը հնարավորություն կտա խուսափելու անկանխատեսելի հետևանքներից և հնարավորինս կբացառի անցանկալի իրավիճակների առաջացման պատճառները: Ծրագրի իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արդեն իսկ միջոցառումներ է ձեռնարկել նշված խնդիրը լուծելու համար. մասնավորապես, մշակվել են օրենքների նախագծեր, որոնք կկարգավորեն վերը նշված հարաբերությունները և կնպաստեն ոլորտի հետագա շարունակական զարգացմանը: Իսկ մինչև ծրագրի ընդունումը արդեն իսկ կա քաղաքաշինության նախարարի հրամանը, ըստ որի` առանց շինարարության որակի և ծավալի վերաբերյալ տեխհսկողության ակտի կառույցի ավարտական ակտը չի ստորագրվում:
Ավելացնեմ, որ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ նոր չափիչ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս տեղում ստուգել շինանյութի որակը, մակնիշը և այլ պարամետրեր:
-Ընդհանուր առմամբ, իրականացվող շինարարության որակն ինչպե՞ս եք գնահատում։
-Մենք արդեն կառուցում ենք ավելի լավ, ավելի բարձր որակով, ավելի արագ, լայնորեն կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և տեխնիկա: Հայկական մի քանի շինարարական կազմակերպություններ դարձել են միջազգային մրցույթների դափնեկիրներ, ինչը բավական ոգևորիչ է: Բայց մենք դրանով չենք սահմանափակվելու: Քաղաքաշինության նախարարությունը ոլորտը կարգավորող պետական մարմին է իր համապատասխան լիազորություններով, և, առիթից օգտվելով, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ նախարարությունը խստորեն հետևում և հետևելու է օրենքի տառին ու ոգուն, և բոլոր այն կազմակերպությունները, այն շինարարները, ովքեր լիարժեք չեն իրականացնի պայմանագրային պարտավորությունները, ովքեր իրենց գործը չեն անի պահանջված որակով և ժամանակին, կենթարկվեն ամենախիստ պատժամիջոցների, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում և շինարարական լիցենզիայից զրկում: Եվ ընդհակառակը, բարձր որակ ապահովող ընկերություններն անպայման կխրախուսվեն օրենքի ընձեռած հնարավորությունների սահմաններում: Որպես եզրափակում, կուզեի մի պարզ, մարդկային բան ասել. բոլորս պետք է իմանանք, որ ինչ ստեղծում ենք, ինչ կառուցում ենք, մարդու համար է, հենց մեզ համար: Չի բացառվում, որ այսօր մի անբարեխիղճ շինարարի կառուցած շենքում վաղն ապրի նրա իսկ երեխան, և այդ շինարարի անորակ գործը կարող է ճակատագրական լինել հենց նրա համար:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 8235

Մեկնաբանություններ